Արդյոք իսկապես չկա ազատման հարց
Նախօրեին մենք տեղեկացրել էինք, որ Երեւանի Ճարտարագիտական համալսարանում ռեկտորատի եւ արհմիության համատեղ նիստի ընթացքում դրվելու էր Պահպանողական կուսակցության ղեկավար, Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական թիմի անդամ Միքայել Հայրապետյանին ԵՊՃՀ-ում հայոց լեզվի դասախոսի աշխատանքից ազատելու հարցը: Միքայել Հայրապետյանը ներկայում թաքնվում է, խուսափելով ձերբակալությունից: Համալսարանում նրան հեռացնելու քայլի համար հիմք էր ծառայելու աշխատանքից երկարատեւ բացակայության հանգամանքը: Այսօր համալսարան այցելած լրագրողներին ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ռեկտորատում տեղեկացրել են, որ նիստին նման հարց չի քննարկվելու եւ հավաստիացրել են, որ Միքայել Հայրապետյանին ազատելու հարց չկա, թեեւ տեղեկացրել են, որ նա աշխատանքից բացակայելու համար արդեն ունի երկու նկատողություն: Միաժամանակ մեր աղբյուրը հաղորդում է, որ տեղեկանալով Հայրապետյանի հանդեպ այդ հնարավոր քայլին, ուսանողները նախաձեռնել են ի պաշտպանություն նրա ստորագրահավաք, եւ արդեն հավաքվել է մոտ 250 ուսանողի ստորագրություն:
