ՀՀ ԱՆ " Նուբարաշեն" ՔԿՀ

Մարտ 19, 2008 - 18:30

03/19/08

Ս.թ-ի մարտի 14-ին և 17-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատնքային խմբերը այցելել են ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ` կալանավորված անձանց հետ հանդիպելու և առանձնազրույց ունենանալու նպատակով: Նշված օրերի ընթացքում աշխատանքային խմբերը “Նուբարաշեն” ՔԿՀ-ում հանդիպել են ընդհանուր առմամաբ 24 կալանավորված անձանց:

Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձանց գերակշռող մասը անհամաձայնություն են արտահայտել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Վերջիններիս պնդմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն են և կրում են բացառապես քաղաքական բնույթ: Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանել են, որ մեղադրանքների հիմքում ընկած փաստերի հիմնավորվածության գնահատումը դատական ատյանների իրավասությանն է, որոնց գործունեությանը Պաշտպանը միջամտելու լիազորություններ չունի: Հանդիպումների ընթացքում պարզաբանվել է նաև, որ այս փուլում Պաշտպանի իրավասությանն են վերաբերում տվյալ անձանց քրեադատավարական իրավունքների խախտման դեպքերի ուսումնասիրությունը, կանխարգելումը և վերականգնումը:

Կալանավորված անձանցից 20-ը ապահովված են փաստաբաններով: 1-ը հայտնել է, որ փաստաբան չունի սակայն պահանջել է: Նշել է նաև, որ իրեն ստիպել են հրաժարվել փաստաբանից: Մեկ այլ կալանավորված քաղաքացի նշել է, որ երբ դիմում է փաստաբանի հետ հանդիպելու խնդրանքով իր դիմումին ընթացք են տալիս օրեր անց, այսինքն ըստ նրա, փաստաբանի ներկայությունը պատշաճ կերպով չի ապահովվում: 3-ը հայտնել են, որ նախկինում հրաժարվել են փաստաբանից, սակայն այժմ ցանկություն են հայտնել ունենալ:

Կալանավորված անձանցից 9-ը նաև հայտնել են, որ բերման ենթարկելուց հետո իրենց համապատասխան կարգավիճակ է տրվել քրեադատավարական նորմերով նախատեսված ժամկետների կոպիտ խախտումներով:

ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ-ում կալանավորված անձանցից 2-ը հայտնել են, որ բերման ենթարկելիս կամ ոստիկանության բաժիններում իրենց գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների:

ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ-ում կալանավորված անձանցից մեկը հաշմանդամ է /խուլ և համր/: Ըստ իր խցակցի, նա կալանավորված է մարտի 1-ի իրադարձությունների համար:

Նշված փաստերի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում իրականացվում են աշխատանքներ` "Մարդու իրավունքների պաշտպանի մասին" ՀՀ օրենքով սահմանված շրջանակներում: