Այցելություն “Վարդաշեն” ՔԿՀ

Մարտ 19, 2008 - 14:00

03/17/08

Ս.թ-ի մարտի 11-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբն այցելել է “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկ` հետընտրական շրջանում կալանավորված անձանց հետ հանդիպելու նպատակով: Այցելության ընթացքում աշխատանքային խումբը հանդիպման առաջարկ է արել ընդհանուր առմամբ 14 կալանավորված անձանց, որոնցից 5-ը հրաժարվել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպելուց: Նշված անձանցից մեկը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում իր փաստաբանը կկապվի Պաշտպանի գրասենյակի հետ:

14 անձանցից 8-ը հայտնել են, որ ներկայումս ունեն փաստաբաններ, որոնք ձեռնամուխ են լինում իրենց իրավունքների պաշտպանությանը, կալանավորվելուց հետո իրենց նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել և իրենք քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից դժգոհություններ չունեն: Վերջիններիս պնդմամբ նրանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, և իրենց առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Նրանք նաև հայտնել են, որ բերման ենթարկելուց հետո իրենց կարգավիճակ է տրվել քրեադատավարական նորմերով նախատեսված ժամկետների որոշ խախտումներով:

Նշված 14 անձանցից 1-ը հայտնել է, որ բերման ենթարկելիս և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում իրեն ենթարկել են խոշտանգումների: 02.03.08թ-ին իրեն տրվել է դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ ուղեգիր, որը տրվել է դատաբժշկին 06.03.08թ-ին, սակայն վերջինս այցելել և զննել է 10.03.08թ-ի: