ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 17, 2008 - 03:04

Ի սկզբանե ապօրինի, միջազգային հանրության ծանրակշիռ գնահատմամբ՝ իրավիճակին ոչ համարժեք սահմանափակումներով հայտարարված արտակարգ դրության պայմաններում վարչախումբը շարունակում է գործել նորանոր շահատակություններ՝ դրանով մատնելով ու խորացնելով իր հուսահատ ու անելանելի վիճակը։ Միջազգային հանրության ճնշումների տակ Քոչարյանն, ահա երկրորդ անգամ, նրանց աչքին թոզ է փչում՝ իբր, արտակարգ դրության ռեժիմի մեղմացմանն ուղղված փոփոխություններ կատարելով իր հրամանագրում։ Սակայն ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ փոփոխություններից հետո իրական կյանքում բացարձակապես ոչինչ չի փոխվում։
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի 9 անդամներից 3-ը ձերբակալված են, 3-ը գտնվում են հետախուզման մեջ։ Գործնականում անհնար է դարձված կուսակցությունների գործունեությունը. ՀՀՇ վարչության 25 անդամներից 8 հոգի ձերբակալված են, 11-ը գտնվում են հետախուզման մեջ, �Հանրապետություն� կուսակցության քաղխորհրդի 11 անդամներից ձերբակալված կամ հետախուզման մեջ են 7 հոգի։ Նունն է վիճակը Առաջին նախագահին սատարող երկու տասնյակ մյուս կուսակցությունների եւ կազմակերպությունների դեպքում. շարունակվում են նրանց ղեկավարների, գործուն անդամների ձերբակալությունները, ահաբեկումները ու հետապնդումները։ 700-ից ավելի մարդիկ բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ, ԱԱԾ եւ դատախազություն, ենթարկվել բազմաբնույթ ճնշումների։ Նախընտրական շտաբների ղեկավարներից ու անդամներից ձերբակալվել են 210 հոգի, որոնցից 90-ի նկատմամբ սահմանվել է կալանք եւ գործեր են հարուցվել։ Սկսվել է մի աննախադեպ ծավալի �վհուկների որս�. ողջ երկրով մեկ ահագնանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձերի եւ պարզապես նրան ձայն տված ու բացահայտ նրա օգտին արտահայտված քաղաքացիների աշխատանքից ազատումը, ընդհուպ՝ քրեական տարրերի միջոցով կազմակերպված անպատիժ ծեծն ու հալածանքը։
Նույն ծավալով ու խստությամբ շարունակվում է միակողմանի, ոտքից գլուխ կեղծ �պաշտոնական� տեղեկատվությունը զանգվածային լրատվության էլեկտրոնային եւ մյուս միջոցներով։ Չնայած արտակարգ դրության մասին հրամանագրում համապատասխան սահմանափակումը հանելուն՝ շարունակվում է դաժան գրաքննությունը, եւ չեն հրապարակվում վարչախմբի վերահսկողությունից դուրս գտնվող թերթերը։ Առավելագույնս սահմանափակված են ինտերնետային հաղորդակցման ու տեղեկատվության հնարավորությունները, անմատչելի են դարձված �Ազատություն� ռադիոկայանի հաղորդումները։ Վարչախումբը լավ է հասկանում, որ առանց գրաքննության մամուլում հայտնվելու են իրենց տարածած կեղծիքն ու սուտը մերկացնող, խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված դաժանությունները, գործած մարդասպանություները ցուցադրող փաստեր ու լուսանկարներ։ Կարելի է չկասկածել, որ, տեղեկատվության տարածման արգելքներն ամբողջ ուժով գործելու են առնվազն մինչեւ ապրիլի 9-ը, հակառակ դեպքում պարզապես անհնար է լինելու հերթական ապօրինի նախագահի երդման արարողությունը անցկացնելը։
Սարսափած ճշմարիտ ու իրական տեղակատվության ավելի լայն տարածման հնարավորությունից՝ վարչախումբն իր համար ամենամեծ վտանգն է համարում նոր հանրահավաքների հեռանկարը՝ որպես իրական տեղեկատվության հրապարակման միջոց։ Մյուս կողմից, սակայն, վարչախումբը հասկանում է հանրահավաքների հայտերը շարունակաբար եւ ակնհայտ ապօրինի ձեւով մերժելու ծանր հետեւանքները։ Ուստիեւ նա որդեգրել է հանրահավաքների հայտերը ահաբեկումներով կանխելու գործելակերպ։ Նման հայտ ներկայացրեծ, �Հանրապետություն� կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը ու նրա ընտանիքը անանուն զանգեր են ստացել ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով։ Հանրահավաքի հայտ ներկայացրած, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն անմիջապես դատախազություն է հրավիրվել, նրան բազմանշանակ զգուշացումներ են արել։ Ընդ որում, առ այսօր կատարված հարյուրավոր խուզարկությունները եւ հարցաքննությունները դեռ որեւէ առարկայական արդյունք չեն տվել, եւ դրանք օգտագործվում են որպես պարզ ահաբեկման, հոգեբանական ճնշման միջոց։
Այսպիսով՝ ավազակապետական վարչախումբը հայտնվել է մի կողմից՝ իր դեմ հասարակության մեջ օր-օրի կուտակվող բացասական լիցքերի թանձրացման ու ահագնացման, մյուս կողմից՝ միջազգային հանրության օր-օրի սաստկացող ճնշումների աքցանում։ Վարչախմբի թիվ մեկ թշնամին ճշմարտության ու իրականության բացահայտումն ու լայն տարածումն է, ինչի դեմ այսօր նա հուսահատ ջղաձգումներ է անում՝ չխորշելով ամենաստոր ու ավազակաբարո մեթոդներից։ Իսկ այդ ջղաձգումները, որքան էլ դրանք երկարեն, նրա հոգեվարքի եւ ժողովրդի տարած հաղթանակի ամրագրման գրավականն են։

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

15.03.2008