ՇԱՐԺՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 13.03.08
Երեկ, մարտի 12-ին Գյումրիում դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել Մարալիկի ընտրատեղամասերից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանին։ Վերջինս փետրվարի 19-ին, քվեարկության օրը փորձել է կանխել Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից մեկի՝ Սուրեն Ավետիսյանի գլխավորությամբ մի քանի ավտոբուսներով Գյումիրից Մարալիկ բերված շրջիկ ընտրողների ապօրինի քվեարկությունը՝ պահանջելով, որ նրանք ետ վերադառնան։ Սուրեն Ավետիսյանը նրան կոպտել է եւ փորձել իր հետ բերած մարդկանց ուժով մտցնել տեղամաս՝ ապօրինի քվեարկություն կատարելու, ինչին Հարություն Ուռուտյանը, այլ ելք չունենալով, ստիպված է եղել նույնպես ուժի գործադրմամբ դիմադրել։ Այս դեպքի առիթով է, որ քրեական գործ է հարուցվել։ Սույն Սուրեն Ավետիսյանը պրոֆեսիոնալ ընտրակեղծարար է. նա երկու տարվա ազատազրկման է դատապարտվել դեռ 1999 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հօգուտ Մարզպետունի Մարգարյանի կեղծիքներ կատարելու համար (կեղծ բյուլետենների պատրաստում եւ օգտագործում), սակայն պատիժն ըստ էության չի կրել։ Հիմա էլ նա աշխատել է նույնը անել Սերժ Սարգսյանի համար։
Դատարանի այս վճիռը հատկանաշական է՝ մի այլ դատարանի մի այլ վճռի կողքին։ Մի քանի տարի առաջ Առագաստ սրճարանում Պողոս Պողոսյանը իր նախկին ուսանողական ընկեր Ռ. Քոչարյանին ընկերական տոնով ողջունելու համար նույն սրճարանի զուգարանում տեղնուտեղը գազանաբար սպանվեց Քոչարյանի հրահանգով, իր թիկնապահների ղեկավար Կուկուի կողմից։ Սպանվեց Շառլ Ազնավուրի, սրճարանում ներկա 200-ի չափ մարդկանց ներկայությամբ ու նրանց աչքի առաջ։ Նույն Ռ. Քոչարյանը դա հայտարարեց որպես անզգույշ քաշքշուկ, ինչի հիման վրա էլ մարդասպանը ոչ միայն ոչ մի օր չզրկվեց ազատությւոնից, այլեւ դատավարության ընթացքում անգամ մեղադրյալի համար նախատեսված աթոռին չնստեց։ Իսկ ահա այս դեպքում, երբ տեղի է ունեցել իրոք թեթեւ քաշքշուկ՝ առանց լուրջ հետեւանքների, դատվում է ոչ թե օրինախախտը, այլ 7 տարվա ազատազրկում է ստանում օրինախատումը թույլ չտվողը։ Դատվում է՝ նույն Ռ. Քոչարյանի հրահանգով։
Երեկ բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվում էր հատուկ քննչական խմբի քննիչներից մեկի բացատրությունները, որոնք կոչված էին հիմնավորել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այն հանճարեղ թեզը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները ժողովրդի նկատմամբ կիրառել են մասսայական հիպնոսի մեթոդներ։ Ահա այդ հիպնոսի դետալներից մեկն էր համարվում նյարդա-լեզվաբանական մեթոդը՝ գրավոր ու բանավոր խոսքում հատուկ ընտրված, հոգեմետ, կախարդական, կոդավորված բառերի օգտագործումը, բառեր, որոնք քննիչին հաջողվել էր բացահայտել։ Շատ խորհրդավոր տոնով նա հրապարակեց իր բացահայտած կոդավորված այդօրինակ երեք բառ. հայրենիք, ընտանիք, հաղթել։ Այդ պահին թվում էր, թե էկրանին ոչ թե հատուկ գործերով քննիչ է խոսում, այլ հումորիստ գ ծիծաղաբան։ Մնում է միայն մի բան, որ կա՛մ Ռ. Քոչարյանը արտակարգ դրություն հաստատելու մասին իր հրամանագրում լրացմամբ, կա՛մ ԱԺ-ն հատուկ օրենքով, կա՛մ Սերժ Սարգսյանի կառավարությունն իր որոշմամբ արգելի հայերենում (գրավոր ու բանավոր խոսքում) այս բառերի գործածումը։ Իսկ Քրեական օրենսգրքում հատուկ հոդված պետք է մտցնել այս բառերն օգտագործողներին պետական հեղաշրջման հոդվածով պատժելու համար։ Որպես օգնություն կարող ենք հուշել, որ զանգվածային հոգեխանգարում առաջացնող կոդավորված բառերի այս ցանկում պետք է անպայման ավելացնել եւս մի քանի բառ՝ ազատություն, արժանապատվություն, ժողովրդավարություն, քաղաքացի, մարդու իրավունք եւ այլն։ Եթե որեւէ մեկը կարծում է, թե ձեռ ենք առնում՝ սխալվում է։ Հոգեխանգարված վարչախումբն ունակ է ամեն ինչի։
Հանցավոր վարչախմբի հեռուստաալիքները շարունակում են ստի ու կեղծիքի տարածումը։ Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նույնպիսի ցինիզմով նրանք աղավաղում եւ խեղաթյուրում են նաեւ այլ իրողություններ։ Այսպես, անդրադառնալով երկու օր առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի հայտարարություններին, հայկական պաշտոնական լրատվությունը այնպես էր հօգուտ իրեն նենգափոխել նրա խոսքը, որ հաջորդ օրը այդ առիթով ստիպված իր բողոքն է հայտնել Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը։ Նա մասնավորապես ասել է, թե այդ լրատվության մեջ որոշ մեկնաբանություններ ընդհանուր կոնտեքստից կտրված էին, իրար կպցված եւ չեն արտացոլում Պարոն Բրայզայի այցի ընդհանուր էությունը։ Մ. Բրայզան հստակորեն Հայաստանի իշխանություններին փոխանցել է, որ արտակարգ իրավիճակը պետք է վերացվի։ Ժամանակավոր հավատարմատարը իր կողմից պնդել է նույնը, ինչպես նաեւ կարծիք հայտնել, որ Լեւոն Տեր-պետրոսյանի ձերբակալությունը կարող է միայն ավելի խորացնել լարվածությունը։ Ժամանակավոր հավատարմատարը ներկայացրել է իր երկրի պաշտոնական դիրքորոշումը նաեւ կատարվող ձերբակալությունների հարցում. Թեեւ մենք ճանաչում ենք մարտի 1-ի եւ 2-ի բռնություններին մասնակցածներին եւ քրական վարքագիծ ցուցաբերածներին ձերբակալելու՝ իշխանությունների իրավունքը, սակայն պետք է հստակ տարբերակում լինի այդ մարդկանց եւ նրանց միջեւ, ովքեր ընդամենը իշխանություններին դուր չեկող եւ նրանց զայրացնող կարծիքներ են հայտնում։ Նման մարդկանց՝ կամ երթերին մասնակցած կամ էլ որոշակի կուսակցության պատկանող կամ թեկնածուի աջակցող մարդկանց ձերբակալությունները կարող են դիտվել որպես քաղաքական մարդկանց ձերբակալություններ։ Մենք դա չենք խրախուսում եւ կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի կայունության հաստատմանը եւ լարվածության նվազեցմանը։
Վերջին օրերի ընթացքում առավել խստացել են միջազգային ճնշումները քոչարյանասերժական վարչախմբի վրա։ Միացյալ Նահանգների կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ խոսել են Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով Հայաստանին նախատեսված հատկացումների եւ այլ օգնություների սառեցման հնարավորության մասին։ Նորանոր փաստական նյութեր են հասնում արտասահման, միջազգային կառույցներին եւ այլն, որնք եւ բացահայտում են Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերը։ Խստացող ճնշումների ու պահանջների հետեւանքով է, որ վարչախումբը ստիպված է նահանջի քայլեր անել։ Նման քայլ է, մասնավորապես, արտակարգ դրության մասին հրամանագրի՝ լրատվական միջոցների եւ տեղեկատվության սահմանափակումների մասին կետը վերանայելը։
Վարչախումբը առայժմ շարունակում է դիմադրել եւ զիջումներ չի անում Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման քաղաքական էլիտայի, ընդհանրապես ընտրություներում նրա կողմնակիցների նկատմամբ։ Շարունակում են ձերբակալությունները, հետապնդումները, աշխատանքից ազատվում են հարյուրավոր մարդիկ։ Սակայն, զարմանալիորեն, այդ ամենը, գումարծ իշխանական զազրելի կեղծիքներով ու ստով լեցուն լրատվությունը չի հասնում իր նպատակին, այն է՝ չի նպաստում հասարակության մեջ նախկին վախի ու անտարբերության մթնոլորտի վերականգնմանը։ Ընդհակառակը՝ այդ ամենը ավելի է կարծրացնում այն համոզումը, որ քոչարյանասերժական զույգի կամ նրանցից մեկի հետագա իշխանությունը Հայաստանում անպատկերացնելի է։
