Հասարակական կազմակերպությունների հայտարարություն
Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումները եւ քաղաքական հետապնդումները, որոնք սքողվում են սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքների ու օրինական շահերը պաշտպանելու նպատակներով:
Հայտարարում ենք, որ`
- 2008թ. նախագահական ընտրություններից հետո անցկացվող խաղաղ ցույցերը հանդիսացել են կեղծիքներով եւ բռնարարքներով ուղեկցվող ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի արտահայտում, ինչը չէր կարող այլ կերպ դրսեւորվել ազատ խոսքի բացակայության, մարդու իրավունքների ճնշման եւ հանցագործների անպատժելիության տարեցտարի սաստկացող մթնոլորտում,
- ս.թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժի կիրառումը եւ ձերբակալությունները իշխանությունների կողմից սանձազերծված հանցագործ քայլ էր, որն էլ հենց հանդիսացավ հիմնական պատճառը մարտի 1-ի եւ 2-ի գիշերվա ցավալի իրադարձությունների,
- խաղաղ ցուցարարներին Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում զինված ուժերի կողմից շրջապափակումը, կրակոցներով ու վահանների աղմուկով ահաբեկելը հանդիսացել են ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք եւ սեփական ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն,
- ս.թ. մարտի 1-ից մտցված արտակարգ դրությամբ քաղաքացիներին լրատվական բլոկադայով ճնշելը, անձանց եւ կազմակերպություններին արտահայտման իրավունքից զրկելը, համատարած բռնություններ եւ քաղաքական հետապնդումներ ծավալելը այսօրվա իշխանությունների հակաժողովրդավարական էության բացահայտումն է,
- ՀՀ սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության չապահովումն ապացուցում է անկախ ու արդար դատական իշխանության բացակայությունը իրեն ժողովրդավարական եւ իրավական պետություն հռչակած երկրում:
Պահանջում ենք իշխանություններից`
- անհապաղ եւ ամբողջությամբ վերացնել արտակարգ դրությունը մայրաքաղաքում,
- ազատել քաղբանտարկյալներին, դադարեցնել վհուկների որսը եւ բացահայտել մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուներին,
- դադարեցնել ստահոդ, սադրիչ, հանդուրժողականություն ամենեւին չսերմանող եւ միակողմանի լուսաբանումները պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցներով:
Դիմում ենք միջազգային հանրությանը`
- տալ օրենքի ոտնահարումներով, բռնություններով ու կեղծիքներով անցկացված 2008թ. նախագահական ընտրությունների համարժեք գնահատական,
- միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանի հետագա հետընթացը ժողովրդավարության ուղուց:
