ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Մարտի 1-ի երեկոյան Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակից դեպի Պարոնյան փողոց քայլելիս, ի թիվս մոտ 30 քաղաքացիների, դաժան ծեծի են ենթարկվել նաեւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը եւ դուստրը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մշտապես մասնակցող Գրիզելդա եւ Գայանե Ղազարյանները պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի տիկնոջ հրավերով երեկոյան ժամը 21-ի սահմաններում որոշել են գնալ Պարոնյան 18 հասցեում գտնվող նրանց բնակարան եւ փոքր-ինչ հանգստանալուց հետո հետ վերադառնալ: Ճանապարհին նրանք ականատես են եղել, թե ինչպես է ամբողջ Մաշտոցի պողոտան` մինչեւ Ամիրյան փողոց, լցված ոստիկաններով: Տիկին Գրիզելդան պատմում է, որ ոստիկանների մի մասն այդ պահին շարժվել է դեպի քաղաքապետարան, իսկ մի փոքր մաս էլ, պոկվելով խմբից, սկսել է քշել տարբեր պատճառներով հանրահավաքից անջատված խմբին: Ես մոտեցա սպաներից մեկին եւ ասացի, որ երբ այս ամենը վերջանա, նրա պագոնները պոկել կտամ, քանի որ շատ լավ եմ ճանաչում իրեն,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը: Իսկ սպային նա ճանաչել է դեռեւս Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունից: Հայհոյելով եւ ձեռքի ռեզինե մահակով հարվածելով Գրիզելդա Ղազարյանի որովայնին` ոստիկանը շարունակել է քշել մարդկանց: Նրանց հասցրել են Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ, որտեղ էլ, լսելով կրակոցներ, մարդիկ վախեցել են եւ մտածել, որ հրապարակում այդ պահին դիակներ են միայն եւ պետք է հետ գնալ այնտեղ: Հրապարակում մեր հարազատներն էին, որդիս: Շատ վախեցանք եւ գոռում էինք` էս ի՞նչ եք անում, պետությունը մենք ենք, մի միլիոն սպանեցիք, 2 միլիոն սպանեցիք, ո՞ւմ համար եք մնալու էս երկրում: Ի պատասխան` շիթավոր ոստիկանները սկսեցին խփել շիթերին, որ մեր ձայնը չլսվի, որ մեր քարոզչությունը տեղ չհասնի, ազդեցություն չգործի,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը: Ոստիկաններն ավելի կատաղած են վազել դեպի մարդիկ, որոնք էլ սկսել են թաքնվել շենքերում: Մուտքերի մոտից քարշ տալով ոստիկաններից մեկը Գայանեին գցել է փողոց եւ իրեն միացած մի քանի ոստիկանների հետ սկսել ոտքերով հարվածել աղջկան: Այդ ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել նաեւ տիկին Գրիզելդան, չնայած Շիրխանյանի կնոջ հորդորներին, թե նա Ռաֆայել Ղազարյանի կինն է: Ծեծելուց հետո Գայանեին նորից քարշ տալով (այս անգամ նա ցավից չի կարողացել քայլել) հասցրել են մոր մոտ: Մտցնելով շենք` սպաներից մեկը նրանց ասել է, որ ինքը փրկել է նրանց կյանքը: Հետո սպան լքել է նրանց, եւ մայր ու դուստր փորձել են որեւէ մեկի բնակարան մտնել: Առաջին հարկում նրանց առաջ դուռ չեն բացել: Բարձրանալով երկրորդ հարկ` պարզել են, որ գրեթե բոլոր փախածները այդտեղի բնակարաններից մեկում են: Այդ տանն էլ Գայանեն զանգել է իր երկու ծանոթներին եւ խնդրել շտապօգնություն ուղարկել: Որոշ ժամանակ անց երկուսն էլ զանգեցին եւ ասացին նույն բանը. շտապօգնությունից ասում են, որ իրենք Լեոյի փողոցին են հասել, բայց չեն կարողանում առաջ գալ, քանի որ ոստիկանները կրակում են իրենց մեքենաների վրա,- ծանոթների ասածն է պատմում Գայանեն: Հետո պատշգամբից լսել են, թե ինչպես են ոստիկանները թաքնված մարդկանց փնտրում: Այսինքն` նրանք ոչ թե մարդկանց ցրելու նպատակ ունեին, այլ ծեծելու եւ այդքանից հետո էլ դեռ չէին հանգստացել,- մտածել է Գայանեն: Արդեն գիշերը` ժամը երկուսն անց կես, եկել է շտապօգնության մեքենան, բայց Ղազարյանները հրաժարվել են նրանց հետ գնալ: Ասացին, որ պիտի տանեն Էրեբունու հիվանդանոց, բայց ես գիտեմ, որ այնտեղ ինձ կսպանեին: Ես չուզեցի գնալ նաեւ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, եւ մեր մեքենայով գնացինք Հանրապետական հիվանդանոց: Այնտեղ բժիշկները զարմացան, որ ոստիկաններից բացի ուրիշ քաղաքացի են ներս թողել,- պատմում է Գայանեն: Այդ հիվանդանոցում էլ հենց տկն Գրիզելդայի գլխին 8 կար է դրվել: Նա հրաժարվել է մնալ հիվանդանոցում եւ խնդրել է իր հիվանդության պատմությունը տալ` բուժումը շարունակելու համար, բայց չեն տվել` ասելով. Քանի որ դուք կապված եք այդ դեպքերի հետ, մենք չենք կարող հիվանդության պատմությունը տալ: Դատախազությունը հարցում կանի, մենք նրանց կտանք պատասխանը, իսկ ձեզ` պատճենը: Այս ամենից հետո էլ Գայանեին հեռացրել են աշխատանքից: Ու չնայած դրան, տկն Գրիզելդան հավատում է, որ հաղթելու է եւ հաղթանակած էլ պիտի ապրի միմիայն Հայաստանում:
