ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

«ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, Ապրիլ 1, 2008

Հայաստանում ազգային-ազատագրական շարժումն ավարտվել է հաղթանակով։ Եւ այս դեպքում կարեւորն այդ հաղթանակի վավերացումը չէ ներքին կամ միջազգային իրավական փաստաթղթերով։ Շատ ավելի կարեւոր է մարդու ներքին ազատագրումը՝ սեփական վախից, անտարբերությունից, երկրի քաղաքացու ու տիրոջ հոգեբանության ձեռքբերումը։ Մնացյալը ժամանակի ու տեխնիկայի խնդիր է։

Մեր հաղթանակի վերջնական լինելու առհավատչյան էր այն, որ մարտի 21-ից, արտակարգ դրության վերացումից անմիջապես հետո, առանց որեւէ հրահանգի, յուրաքանչյուրս ԱԶԱՏ մարդու իր ներքին մղումով, տասնյակ հազարներով հավաքվեցինք Ազատության հրապարկ մտնելու համար։ Մեր հաղթանակի առհավատչյան ու հանցագործ վարչախմբի վախի ու պարտված լինելու ապացույցն էր, որ վերջինս ստիպված էր նույնքան սպառազեն զորք լցնել Ազատության հրապարակ, սկսել անօրինական գործողություններ, զանգվածային ապօրինի ձերբակալություններ։ Մենք չընկճվեցինք, եւ նույն ԱԶԱՏ քաղաքացու իրավունքով ու հպարտությամբ շարունակեցինք մեր ամենօրյա «քաղաքական զբոսանքները» շրջափակված հրապարակի հարակից փողոցներում։

Այդ ընթացքում մենք՝ Հայաստանի Հանրապետության ՀԱՂԹԱԾ, ԱԶԱՏ ու ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ քաղաքացիներս նաեւ նոր հաղթանակներ տարանք. մեր ջանքերի շնորհիվ ապօրինի հետապնդումներին դիմակայեց ու շարունակում է գործել Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը։ Վերջին օրերին դադարեց Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքներից» տասնյակներով կատարվող ոստիկանական մարդագողությունը։ Ամեն օր վարչախումբն ստիպված էր լինում դիմել զավեշտալի գործողությունների՝ մեկ «զբոսնողի» հաշվով 10 ոստիկան եւ հսկայական տեխնիկա մոբիլիզացնել Ազատության հրապարկը «պաշտպանելու» համար՝ դրանով մատնելով պարտվածի իր խուճապն ու սարսափը։ Միայն համառորեն զբոսնելով մենք կարողացանք ամբողջ աշխարհին ցույց տալ վարչախմբի դեմքը, հասնել նրան, որ հեղինակավոր պետություններ եւ իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտեցին վարչախմբի բռնապետական ջղաձգումնները: Մենք հասանք անգամ նրան, որ արդեն բազմաթիվ արժանապատիվ մարդիկ ոստիկանապետության եւ այլ ուժային կառույցներում հրաժարվում են կատարել քաղաքական հետապնդումների հետ կապված ապօրինի հրամանները: Ներքին եւ միջազգային այս ճնշումների շնորհիվ է, որ հնարավոր դարձավ զբոսանքների վայրում ոստիկանության ապօրինի գործողությունների դադարեցումը:

Իսկ ապրիլի 7-ին, նույն ժողովրդական զբոսանքների շրջանակներում, կանանց տոնի առթիվ, կոչ ենք անում տղամարդկանց ծաղիկներ նվիրել համաժողովրդական պայքարի մեր քաջարի կին մասնակիցներին։ Կանայք ապացուցել են, որ ոչ միայն գեղեցիկ են այլ նաեւ արի եւ աննկուն ազատության համար պայքարում: