Եվրոպայի Խորհրդի Ագոյի խումբը մարտի 29-ին Հայաստան է ժամանել աննախադեպ մեծ կազմով, որը ներառում է Եվրոպայի Խորհրդի 9 անդամ երկրի պատվիրակների: 2005 թվականին խմբի ստեղծումից ի վեր, Հայաստան չի եղել Ագոյի խմբի այդպիսի կազմի այցելություն: Այդ մասին մարտի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է խմբի ղեկավար Պեր Սյորգենը, ով ասուլիս է տվել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ միասին: Մինչ նրան խոսք տալը, Վարդան Օսկանյանը նշել է, թե այցը իր պարբերականության առումով հերթականն է, բայց իրավիճակային առումով առանձնահատուկ, քանի որ կապված է Հայաստանի հետընտրական զարգացումների եւ մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակի հետ: Վարդան Օսկանյանը նշել է, որ Ագոյի խումբը իր հետ բերել է առաջարկներ, որոնց հանդեպ Հայաստանի վերաբերմունքը, ըստ Վարդան Օսկանյանի, պարզ կլինի այն բանից հետո, երբ խումբը հանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանին եւ այլ պատասխանատու պաշտոնյաների: Մինչեւ խմբի առաջարկները ներկայացնելը, Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգեն նշել է, որ այցելությունը մի ժամանակահատվածում է, որը Հայաստանի համար "ազգային իրավիճակի տեսանկյունից, դժվար է": Եվրոպացի դիվանագետը նշել է, որ Հայաստանը դիտում են որպես Եվրոպայի Խորհրդի անդամ կարեւոր երկիր, տարածաշրջանային կարեւոր երկիր, գործընկեր երկիր, եւ այդ իսկ պատճառով իրենց համար հետաքրքրական է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եւ իրենք կարեւոր են համարում քաղաքական ճանապարհով դրա հաղթահարումը եւ երկրի վերադարձը ժողովրդավարական ուղի: Դրան է ուղղված Ագոյի խմբի վեց կետ ունեցող առաջարկը: Առաջին կետը վերաբերում է նրան, որ Կենտրոն քրեակատարողական հիմնարկում պահվող այն անձինք, որոնք ձերբակալվել են հետընտրական ժամանակահատվածում եւ մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների պատճառով, զրկված են իրենց հարազատների հետ շփումից: Խումբը դա պարզել է այցելելով Կենտրոն քրեակատարողական հիմնարկ: Այդ խնդիրը լուծելու համար նրանք հարցը բարձրացրել են արդարադատության նախարարին, եւ Պեր Սորգենի խոսքով, ստացել հավաստիացում, որ այսօր արդեն համապատասխան մարմինները ձեռնամուխ կլինեն մարդասիրական այդ հարցի լուծմանը: Եվրոպացիների առաջարկի հաջորդ կետն այն է, որ նրանք սատարում են միջազգային բոլոր կազմակերպությունների կոչերին, որ վերաբերում են քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց ազատ արձակմանը: Պեր Սյորգենի խոսքով, Հայաստանը ԵԽ անդամ երկիր է, իսկ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է ունենալ քաղաքական բանտարկյալներ: Եվրոպացի դիվանագետը նշում է, որ դա հակասում է ԵԽ անդամակցությանը եւ եվրոպական կոնվենցիաներին: Ագոյի Խմբի առաջարկներից երրորդը վերաբերում է այն բանին, որ Արդարադատության նախարարն իրենց կանոնավոր տեղեկացնի թե ձերբակալվածների ազատ արձակման եւ թե ձերբակալվածների հանդեպ դատական ընթացարակգերի վերաբերյալ: Ընդհանրապես, քաղաքական հայացքների համար դատապարտվածներին ազատ արձակելու մասին Ագոյի խմբի ղեկավարն ասում է, որ դա կոչ է "եվ բավական ուժեղ կոչ է, եվ ակնհայտ է, որ այդպես պետք է լինի, եւ այդ հարցը պետք է հրատապ լուծում ստանա": Եվրոպացի դիվանագետը նշում է, որ Հայաստանում համենայն դեպս իրենց հավաստիացրել են, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, թեեւ մանրամասները չեն քննարկվել: Առաջարկների չորրորդ կետով Ագոյի խումբը իր սատարումն է հայտնում մարտի 1-ի իրադարձությունների անկողմնակալ, "ազգային հետաքննությանը": Հետաքննության մանրամասները Պեր Սյորգենն իրենց գործը չի համարում, սակայն ասում է, որ այն պետք է լինի ոչ թե մեկ մարմնի, ասենք գլխավոր դատախազության կողմից իրականացվող, այլ ազգային, ընդգրկուն, լայն վստահության դաշտ ապահովող քննություն: Ագոյի խմբի առաջարկների հինգերորդ կետը վերաբերում է երթերի, ցույցերի, հավաքների մասին օրենքում կատարված փոփոխություններին, որ արտակարգ դրության ժամանակ ընդունեց Ազգային Ժողովը, որով փաստացի արգելվում է Հայաստանում անցկացնել երթեր, ցույցեր, հանրահավաքներ: Ագոյի խմբի ղեկավարն իր ափսոսանքն է համարել, որ այդ օրենքն ընդունվեց առանց Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության: Սակայն նա նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը հրատապ փորձաքննության է ենթարկել արդեն ընդունված օրենքը եւ ունի քննադատական գնահատականներ, որոնք արդեն ներկայացրել են արդարադատության նախարարությանը: Ագոյի խումբը ստացել է հավաստիացում, որ այդ դիտողությունները կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովին: Եվ վերջապես, առաջարկության եզրափակիչ, վեցերորդ կետով Ագոյի խումբը կողմ է արտահայտվում երկխոսության, իշխանության ու ընդդիմության առանց նախապայմանի երկխոսության սկսելուն: Լրագրողները նկատել են, որ Եվրոպայի խորհուրդը ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որով ընդդիմությանը խորհուրդ էր տալիս ճանաչել Սահմանադրական դատարանի որոշումը, որը նախագահի ընտրության արդյունքը թողել է անփոփոխ: Այդ մասին նշելով, նրանք Ագոյի խմբի ղեկավարին հարցրել են, թե ինչու վեց կետ ունեցող առաջարկների մեջ չկա այդ մասին խոսք: Արդյոք փոխվել է Սահմանադրական դատարանի վերաբերյալ ԵԽ մոտեցումը, թե բացակայությունն ուղղակի թյուրիմացություն է: Պեր Սյորգեն այդ կապակցությամբ պատասխանել է, որ երկխոսության վերսկսումն է կարեւոր, քանի որ հենց այդ լրագրողների նշած կետի առնչությամբ, կարեւորը գործընթաց նախաձեռնելն է: Ագոյի խմբի ղեկավարը նշել է, որ իրենց առաջարկները պետք է դիտարկել ապագային միտվածության տեսանկյունից:
ԵԽ ԱՆԴԱՄ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՈՒՆԵՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ
lragir.am, Մարտ 31, 2008
