Պահպանողական կուսակցություն հայտարարությունը

Մարտ 29, 2008

Փետրվարի 29-ի եւ, մանավանդ, մարտի 1-ի դեպքերով Քոչարյան-Սարգսյան զույգը իշխանությունը Հայաստանում բացառապես բռնություններով պահելու կործանարար վիճակ է ստեղծել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն օժտված չէ խաղաղության ռեսուրսով, ակնհայտ է դառնում, որ այս վարչակարգի սվինների վրա հենված իշխանության ամեն օրը աղետալի է դառնում հայ ժողովրդի եւ հայոց պետականության համար:
Վերջին շրջանի իշխանական տեռորը դրա ապացույցն է:

Հակաօրինական ամենատարբեր պատճառաբանություններով ձերբակալվում, բերման են ենթարկվում ընդդիմության ներկայացուցիչներ, քաղաքական ակտիվիստներ: Այսպես օրինակ, Պահպանողական կուսակցությունից մի քանիսը ծանուցագրերով եւ առանց ծանուցագրերի՝ բերման են ենթարկվել, ընդհուպ մինչեւ ՊԿ փոխնախագահ եւ Կենտրոնական խորհրդի քարտուղար, հարցաքննվել են ԿԽ անդամներ: Ահաբեկվում եւ հետապնդումների են ենթարկվում սովորական քաղաքացիներ: Սարսափի ստալինյան մտնոլորտ ստեղծելու այս զազրելի փորձը ոչ միան անհեթեթ է, այլեւ` լրջորեն վնասակար Հայաստանի Հանրապետության ապագայի տեսանկյունից:

Բացի «Անկախության մասին» հռչակագրով ընդունված եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների հիմնարար ազատությունների ոտնահարումուց` իշխանությունների նմանօրինակ գործողությունները պարունակում են մի խոշոր վտանգ եւս. ՀՀ իրավապահ համակարգը, եւ մասնավորապես ոստիկանությունը, կորցնում է իր հեղինակությունը: Պահպանողական կուսակցությունը դատապարտում է ներկա վարչակարգի կողմից պետական ռեսուրսների նմանօրինակ մսխումը եւ հայտարարում, որ օրինական իշխանության հաստատումից անմիջապես հետո հետամուտ է լինելու իրավապահ մարմինների հեղինակության վերականգնմանը, ինչպես նաեւ ներկա վիճակի միակ մեղավորին` ՀՀ ներկայիս վերնախավին օրենքով պատասխանատվության ենթարկելուն:

28.03.2008թ.
ք. Երեւան